понедельник, 26 сентября 2016 г.

Սոնետներ առ

Սոնետ առ նվաստիս
Ես, երեկոյան մայրամուտի շողերի վայելքի տակ, կիսափակ աչքերով խմում էի Նրանցից եկող ուժը:
Շողերից արձակվող լույսը անփոխարինելի ջերմությամբ հորդորում էր աղոթել առ Աստված և ասել:
Լեզուս վերջապես խաղաղված ու անթեղված իր օջախում՝ ձեռք էր քաշել ու հրաժարվել իր սովորական պարտականությունից:
Լռությունն աստիճանաբար օձային սողքով պարուրում էր ինձ ու վերջնականապես ինձ զրկում խոսելու կարողությունից:

Սակայն ինչու խոսել, երբ միևնույն է խոսքդ ետադարձվում է քեզ՝ ճանապարհին տարբեր բեռներ բարձած, որոնցից ազատվելու համար լրացուցիչ ջանքեր են պետք, որոնք հաստատ ջլատելու են քեզ, իսկ լռության ոսկին դիզվում է կամաց-կամաց, ու դու, ի վերջո, վերածվում ես մի ոսկե արձանի...

Սոնետ ընդվզումի
Կասկածներից ծնված հույսը մի տեսակ անորոշ բռնկվեց ու տարօրինակ հուրհրաց աչքերի առաջ խանդավառ:
Հույսն ինքն էլ զարմանալով խանդավառությունից այդ՝ սկսեց թափահարվել օդում՝ ոգեշնչելով հոգիներ:
Խելագար մի պայթյուն թնդաց՝ հույսի քամակից կառչած ճանկերով ու ամբոխածին ընդվզում՝ կասկածահույս շողին ապավինած:
Հարցերի շարասյունն սկսեց ճոճվելով անցնել՝ ի ցույց դնելով իր բոլոր բարեմասնությունները՝  ոգեշնչված մարդկանց:
Կասկածներից ծնված հույսն ինքն էլ զարմացավ իր զորությունից, ուստի քրքջաց ու միամիտ ամբոխին դրդեց առաջ գնալ՝ իբր տապալելու այն, ինչ վաղուց պարանոցներին հագել են ինքնակամ ու չեն ուզում թողնել, որովհետև ամբոխը հավատաց, իսկ հավատից ծնվեց ընդվզումը, բայց ընդվզումն այդ օդում մնաց՝ անհետացած հույսի հետևից չհասնելով, որ կասկածելի կերպով կորավ՝ իր տեղը զիջելով հարցերի հերթական շքերթին, ինչից ամբոխին մնաց դառը հիասթափության բաժինը՝ ի պատասխան իր ընդվզումի:

Սոնետ առ անուշ
Անուշ առավոտի կապտականաչ քողը շղարշեց աչքերիս առաջ վեր հառնող լեռների ուրվագծերը:
Այդ ուրվագծերից հոգիս փառավորվեց ու պոկվեց իր տեղից՝ ճախրելու և Նրանց հասնելու համար:
Հոգուս փառահեղ թռիչքը կանգա առավ ու հիացավ ոսկեզօծ արևի ափսեից ծորացող մեղրի առատությամբ:
Սնվեց հոգիս երկնային այդ նեկտարով, համբուրեց աչքը երկնքի, պարուրվեց ողջով անհասի, նստեց լեռների կատարին:
Համահունչ երաժշտությունն այն, որ ծնվեց ինձանից ու տարածվեց ողջ տիեզերքով մեկ, համապարփակ անցավ սրտերով բոլորի, քանզի հենց այդ պահին ոմանք դեռ անկողնու մեջ, ոմանք մեքենայի ղեկին, ոմանք սրճելիս, ոմանք վիճելիս, ոմանք սիրելիս, ոմանք տրտմած, իսկ ոմանք ուրախ, բոլորը միասին՝ հենց այդ նույն պահին, նայեցին երկնքի աչքին, ոսկեզօծ մեղրը դիպավ քիմքերին, իսկ լեռների խորհուրդն աննկատ կաթաց սրտերի մեջ...




Комментариев нет:

Отправить комментарий