суббота, 5 октября 2013 г.

Ես գիտեմ, որ սպասել ես

Ես գիտեմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, բոլորովին այլ կերպ` երկուսիս կյանքում էլ, եթե ես չվերցնեի խոսափողը, եթե չթաքցնեի արցունքներս ու եթե, ձայնիս հնարավորինս պնդություն հաղորդելով, չասեի.
-Էլ չզանգես…
Գիտեմ, որ ամեն ինչ բոլորովին-բոլորովին այլ կերպ կդասավորվեր երկուսիս կյանքում, եթե դու տխուր-տխրամած չպատասխանեիր.
-Վե՞րջ, հեիքաթն ավարտվե՞ց…
Շատ բան այլ կերպ կլիներ, եթե ես չպատասխանեի.
-Հա, ավարտվեց…
Հետո արագ չդնեի խոսափողն ու ինձ մխիթարեի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, ամեն ինչ…
Այդ պահին թվում էր, թե իսկապես ես վերջակետ եմ դնում, բայց ես չգիտեի, որ ես իմ ձեռքով մի  նոր սկիզբ ու շարունակություն էի հորինում ու պիտի հորինեի իմ ամբողջ կյանքում, որ վերջակետս արդարացվեր: Ու չգիտեի, որ հորինելը դժվար է ու անընդհատ հորինելուց մի օր գուցեև հոգնեմ, բայց հետ դառնալն այլևս հնարավոր չլինի, որովհետև մենակ չեմ լինի այլևս: Իսկ իմ կողքին ու ինձ սիրող մարդիկ երբեք էլ մեղավոր չեն, որ ես որոշեցի հորինել:
Լսում եմ երգդ՝
Ես եկել եմ, գիտեմ, որ սպասել ես,
Արտասվել ես դու ինձ համար,
Դուռդ բաց, ես այնքան հոգնել եմ,
Առ ինձ գիրկդ սիրով քո անմար,
Եւ երգիր բախտիս երգն իմ կորսված,
Թող որ համբուրեմ աչքերդ սաթե սև
Եւ շշնջամ` կապույտ աչքերով իմ բարի դև…
Աստված չեմ ես, ես սոսկ դև եմ,
Բայց քոնն եմ ես, քոնն եմ ես,
Ինձ չկորցնես, քո բախտն եմ ես,
Ինձ չկորցնես…
Ճամփեքին անվերջ աղոթել եմ,
Որ չթացեն աչքերդ անծիր,
Քեզ փնտրել, այնքան կարոտել եմ,
Ինձ ներիր, ինձ ներիր, իմ անգին…
Եւ երգիր բախտիս երգն իմ կորսված,
Թող որ համբուրեմ աչքերդ սաթե սև
Եւ շշնջամ` կապույտ աչքերով իմ բարի դև…

Ես եկել եմ, գիտեմ, որ սպասել ես,
Արտասվել ես դու ինձ համար,
Դուռդ բաց, ես այնքան հոգնել եմ,
Առ ինձ գիրկդ սիրով քո անմար,
Եւ երգիր բախտիս երգն իմ կորսված,
Թող որ համբուրեմ աչքերդ սաթե սև
Եւ շշնջամ` կապույտ աչքերով իմ բարի դև…

Այն ժամանակ թվում էր, թե ամեն ինչ գիտեմ: Հետո թվաց, որ իմ կյանքը դասավորվեց…
Իսկ հիմա չգիտեմ… Աստված չեմ ես, ես սոսկ…
Ու ոչինչ չի փոխվել, քոնն եմ ես, քեզանից հեռու… Քոնն եմ ես, թեպետ էլ երբեք ու երբեք մենք միասին չենք լինելու… Բայց քոնն եմ ես: Ինձ կորցրել ես, ես էլ քեզ եմ կորցրել: Գիտեմ, որ հիմա էլ ինձ սպասում ես, բայց սա երգ է դարձել, սոսկ երգ` երկուսիս բախտի մասին կորսված:
Չպահեցինք…

                           

Комментариев нет:

Отправить комментарий