среда, 30 октября 2013 г.

Հայրիկ

Արդեն ինչքա՜ն ժամանակ է, ինչքա՜ն ժամանակ է, որ քեզ կարոտում եմ…

Մատներիս շարժումները ծանրացան ու դանդաղեցին, ցավոտ դող անցավ մինչև մատներիս ծայրը… Ես չէի կարողանում քո մասին գրել, սա առաջին անգամն է…
Ես ուզում եմ գոռալ, ասել, որ կարոտում եմ քեզ, որ կարոտում եմ աչքերիդ կապույտ բարությունը, որ ուզում եմ իմ վրա զգալ ջերմ ու ուշադիր, նրբանկա՛տ հայացքդ, որով թափանցում էիր իմ հոգու մեջ: Ու քեզ խոսքեր պետք չէին, որ դու ինձ հասկանայիր: Քո մի ուշադիր հայացքն էլ բավական էր: Որովհետև դու ինձ ճանաչում էիր ինձանից էլ լավ: Դու գիտեիր իմ թույլ տեղերը, դու գիտեիր, թե իմ պարտությունները որտեղից կարող են գալ: Դու գիտեիր իմ ուժեղ կողմերը, թե ես որտեղ կարող եմ հաղթել:
Հայրիկ, ես կարոտում եմ քո աչքերի կապույտ բարությանը, և մի ողջ տիեզերք պարունակող ժպիտը, որ իմ հոգին էր տիեզերք դարձնում: Ես քեզ կարոտում եմ, իմ սիրելի՛ հայրիկ, բայց… կարոտս այսպես կկախվի օդում ու կվերադառնա ինձ…
Բայց ես նորից չեմ հավատա, որ դու արդեն չկաս… Ու … կկարոտեմ, որ կարոտը նորից կախվի օդում ու նորից վերադառնա ինձ, այսպես այնքան, մինչև կխտանա իմ աչքերի մեջ, կթացանա ու դուրս կհոսի՝ հաջորդ կարոտների համար տեղ բացելով:
Հայրիկ…

Комментариев нет:

Отправить комментарий