среда, 30 октября 2013 г.

Զարմացած ու մաքուր աչքեր

Զարմացած ու մաքուր աչքեր, անեղծ ու միամիտ հոգու արտացոլանքներ: Եւ նրանց դեմ աղտեղություններով լեցուն մի աշխարհ, որտեղ ամեն ինչ անսպասելի, անհավատալի վատ է…

…Փշրվեց կատարյալը: Կտոր-կտոր եղավ, ցրիվ եկավ հոգով մեկ: Դրանից առաջացած ցավը խցանեց մաքուր ու զարմացած աչքերը…
…Հետո փշրվեց երկրորդը, երրորդը` ինչ-որ կար, մինչև վերջ: Հոգու խելահեղ ու հևիհև վազքը ղեկավարվեց ի վերուստ, պահեց խելագար և կործանարար արարքներից: Խիղճը, հոգու փեշերից քաշելով, հավաքեց նրան մի կերպ: Ներքին մի ուժ` քրտնաթոր ու հևասպառ, փորձեց սանձահարել նրա խելահեղ ձգտումները, վայրենի ու միաժամանակ հուսահատ ճիչերը զսպեց ու խեղդեց: Զօրուգիշեր հետևեց` անքուն ու անթարթ, և’ ղեկավարեց, և’ ուղղորդեց նրան:
Սիրո խելահեղությանը փոխարինեց ատելությունը, համբույրի անարատ քաղցրությանը` վավաշոտ կիրքը: Սովորականության իշխանությունը հաստատվեց ամենուր…
Ցավոտ էր, անմեկնելի ցավոտ, որովհետև փշուրներն ավլել ու դուրս թափել էր պետք…
…Երկու անտարբեր ու թախծոտ աչքեր. նրանց առաջ աշխարհն այլևս պաճուճված չէ սին գեղեցկություններով, բայց… այսօրվա մեջ վաղը կառուցել  է պետք, արժեքներ ստեղծել է պետք` պահպանելու համար…
…Ահա’: Բացվում է մեծ հույս: Սովորականության հորիզոնում փայլփլում է քաղցր ու լուսավոր, երազուն ապագա: Ալիքվում է մի հանգստություն ու համոզում է, որ, իրոք, ամեն ինչ դեռ առջևում է: Ներքին ձայնը ուժեղ արուությամբ պատմում է պայծառ հեքիաթներ: Ու հոգին թմրում է այդ ցնորքներից: Հանկարծ, ինչպես երազում, տեսնում է` ահա’, ինքն է` ամենավերևում, ամենաբարձրում: Մաքուր է ու ջինջ ամեն բան: Չկա կեղտ: Հույսերը մաքուր են, լույսերը` կուրացնող: Չկա մշուշ: Աղտոտ հույս չկա…
Սավառնում է ինքը` մաքուր ու անբիծ: Ոչ մի մեղք չունի խոստովանելու: Սավառնում է և միաժամանակ ըմբոշխնում է մաքրության և անաղարտության սթափեցնող սառնությունը, թարմությունը: Այն պարուրում է մարմինը, ներարկվում արյան մեջ ու հանգստացնում եռացող կրքերը, բորբոքվող ցանկությունները: Մեղքերի վրայից հանում է ձգողականության կեղծ հագուստը` ազատում դրանք խաբուսիկ սուտ-քաղցրությունից:
Ինքը սավառնում է: Եվ ավելի վե~ր, ավելի~ վեր:
-Օ~, անարատ մաքրություն…
Համոզվում է, որ ճերմակաթույր փողփողումները  կլանում են իրեն, առնում են կենսալից պտույտի մեջ,զվարճացնում են.
-Է-հե-հե-հե~յ…
Փոթորկվող ու կոկորդ պատռող ծեքծեքումները հոգուց դուրս են թռչում անկախ իր կամքից: Երազներն են, ցանկալին, որ հաճախ փորձում է իրականության մեջ տեսնել ու հիասթափվում է:
Սակայն… Վերջանում է, վերջանում է ամեն բան` իրական աշխարհի չնչին մի աղմուկից, որ մի ուրիշ անգամ ուշադրությունը չէր էլ գրավի: Ավարտվում է:
Բայց… ծնվում է լույսը, հյուսվում է երազանքներից, և ծնված լույսը թևածում  է հոգու մեջ ու մղո~ւմ, մղո’ւմ առաջ… Միայն առաջ…

Комментариев нет:

Отправить комментарий