вторник, 15 октября 2013 г.

Դե ասա՛, պատմի՛ր

Դե ասա՛, պատմի՛ր. չէ՞ որ դու նրա կողքին էիր, երբ նա դեռևս նորածին, ինչ լույս աշխարհ էր եկել, անընդմեջ երկու ժամ լալիս էր ու նվում:
Պատմի՛ր, խնդրում եմ...
Չէ՞ որ դու տեսար, թե նա ինչ էր զգում, ի՛նչ էր զգում, երբ քիթ ու բերանից արյունը հոսում էր... Երբ նա ցանկանում էր մահանալ, խեղդվում էր, որովհետև փոքրիկ թոքերի մեջ օդ չկար, և նրա փոքրիկ օրգանիզմը ապրելու համար առայժմ միայն թթվածին էր  ուզում, մի՛այն թթվածին...

Ինչո՞ւ ես լռում, դե պատմի՛ր. չէ՞ որ քո աչքերով տեսար, թե ինչպես բժշկուհու հուսահատ ներարկումից հետո նա հոգեդարձ եղավ:
Պատմի՛ր, որ նա այլևս չբացեց իր աչուկները, ինչպես անում են աշխարհի բոլոր-բոլոր նորածինները, որ նա այլևս անմտորեն չճչաց  ու չլացեց՝ բերանը բաց, ինչպես լացում են բոլոր-բոլոր նորածինները:
Դե ասա՛, թե ինչպես էր նա աչքերը խուփ, բերանը փակ տնքում, անընդմեջ տնքում, մեծի՛ պես տնքում...
Կարո՞ղ ես պատմել, թե նա որքա՜ն խորը ցավ էր զգում այդ պահին և որքա՜ն էր ուզում մահանալ:
Ի՞նչ, չե՞ս կարող...
Իսկ ես կարող եմ, որովհետև ես զգացի այն ցավը, որն ապրում էր իմ փոքրիկը: Զգացի հենց այն նույն պահին, երբ աչքերը փակ, բերանը խուփ դրեցիք իմ գիրկը: Սիրտս մրմռաց, այն նույն մրմուռով, որն այդ պահին զգում էր նա: Ես, գրկումս սեղմած փոքրիկ մարմինը, հասկանում էի, որ նա այնքան մեծ է, որ նա մեծ մարդ է, որովհետև նա արդեն երկու ժամվա ընթացքում հասցրել էր տեսնել և՛ ծնունդը, և՛ մահը, և՛ ցավը, և՛ կյանքի դառնությունը, և՛ Աստծուն...
Նա հասցրեց երկու ժամում ապրել մի կյանք...
Իսկ դու չես կարողանում պատմել... Դու չես կարողանում պատմել...

Комментариев нет:

Отправить комментарий