среда, 30 октября 2013 г.

Թակոց

Նա թակեց դուռը: Սիրտն ավելի արագ սկսեց բաբախել: Ծնկները թուլացան: Բոլոր նյարդերը լարվեցին մինչև վերջ: Դուռն անարձագանք էր: Սպասեց մի փոքր: Հետո ձեռքն ակամայից նորից մեկնեց` դուռը թակելու համար: Բայց ձեռքը կախվեց օդում: Համարձակությունը չէր հերիքում նորից թակելու համար…
,,Թակի’ր, թակի’ր…,,,-ուղեղի մեջ թակում էր միտքը, պատռվում էր, իրեն պատեպատ էր տալիս, իսկ նա քարացել-մեխվել էր տեղում` ձեռքը օդի մեջ: Հետո ուժգնացող ,,թակի’ր-ին,, զուգահեռ, ձեռքը օդի մեջ` շրջվեց: Նայեց միջանցքի պատերին. չափից դուրս ծանոթ էին ու հարազատ: Պատի յուրաքանչյուր ճաքը անգիր հիշում էր, ամեն մի հետքը հարազատ էր: Թուլացած ծնկներով, կողքերից ծանր կախված թեւերով ակամայից իջավ, աչքն ընկավ աստիճանավանդակին. կարոտը ալիքվեց ու ցավեցնելով ներխուժեց սիրտը: Չհասկացավ ու չգիտակցեց էլ, թե ոնց, բայց մուտքի դռան մոտ հասավ: Մուտքի դռան մոտ երկու պատերի տակ այնքան հարազատ ցածր, բետոնե նստարաններն էին՝ նույնությամբ… Նստեց, նստեց անկյունում, սկսեց նայել պատին, որի վրայի ճաքերը, նշաններն ու ներկով գրածները անգիր գիտեր… Հայացքը հառեց երկնքին, այն նույն պատառ երկինքն էր, որին անընդհատ հայացք էր գցում, նույն կտորը… Խորը շնչեց օդը: Սիրտը նորից ցավեց: Կուզեր մեխվել, արձանանալ ու հավերժ մնալ այդպես: Հետո ուղեղի մեջ իրար խառնվեց  ամեն ինչ՝ անցյալ, ներկա, ապագա, տարածություն ու ժամանակ, իրեն զգաց տիեզերքի չափ մեծ, բայցեւ միեւնույն ժամանակ  նվազագույն ավազահատիկից էլ փոքր…


Չզգաց, թե ինչքան ժամանակ անցավ, չզգաց, բայց մոտեցող ոտնաձայներից արագ վեր թռավ ու մտավ մուտք: Ոտնաձայները հեռացան: Ակամայից բարձրացավ նորից երկրորդ հարկ, կանգնեց դռան մոտ: Սիրտն սկսեց ուժգնորեն պոկվել տեղից, որ դռնից ներս մտնի: Զգույշ մոտեցավ դռանը: Ձեռքերի ափերով հպվեց, հետո ամբողջ մարմնով ու ականջը դրեց դռանը: Ձուլվեց դռանն ու անէացավ: Աչքերը փակ՝ նա փորձում էր լսել իր մանկության ու պատանեկության ձայները… Այստեղ, այս դռան հետեւում էին մնացել մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդության սեմը: Այստեղ ամեն ինչ իրենն էր, իրենով էր ներծծված, բայց եւ միեւնույն ժամանակ էլ իրենը չէր…

Комментариев нет:

Отправить комментарий